24.07.2014

Երզնկայի «Եղբայրաց» միաբանությունը

Աշխարհին այսօր հայտնի են Եվրոպայի հոգևոր-ասպետական միաբանությունները, որոնք որքան դրական դեր խաղացին մարդկության պատմության մեջ, նույնքան էլ բացասական: Շնորհիվ այդ միաբնությունների՝ Արևելքում կործանվեցին մի շարք քաղաքներ, ոչնչացվեցին գյուղեր և շատ արյուն հոսեց: Նույն ժամանակամիջոցին, երբ ի հայտ եկան հոգևոր-ասպետական միաբանությունները, Հայաստանում դրանց զուգահեռ առաջացան կամ արդեն կային նման միաբանություններ: Ի ուրախություն մեզ՝ մեր մատենագիրները իրենց հիշատակություններում չեն զլացել հիշատակել նրանց գոյության մասին: 1280 թվականին Երզնկայում Գրիգոր վարդապետ Սանահինեցին, կարգվելով «Եղբայրաց» միաբանության գլուխ, կարգադրում է Կոստանդին Երզնկացի վարդապետին այդ միաբանության համար գրել մի կանոնադրություն : Այն այսօր հայտնի է «Սահմանք և կանօն» վերնագրով: Հետաքրքիր է, որ այս փաստը, մինչև վերջերս՝ չհաշված մինչխորհրդային շրջանը, որոշ ուսումնասիրողներ, հիմնականում Խորհրդային պատմաբանները, փորձել են աղավաղել՝ ներկայացնելով այն որպես հասարակական մի շարժում, և ոչ թե այն, ինչ մենք հասկանում ենք «օրդեն» անվան տակ, որի հայերեն համարժեքն է միաբանություն, և դա են փաստում կանոնադրությունում եղած բազմաթիվ վկայությունները: Երզնկացին «Եղբայրաց» միաբանության կանոնադրությունը սկսում է երկու ճանապարհների մասին ուսմունքով, ապա քննարկում եղբայրության տեսակները և այստեղ է, որ հստակ երևում է նրա օրդեն լինելը: Եղբայրության չորս տեսակ է առանձնացնում. եղբայր են կոչվում բոլոր մարդիկ, եղբայր են միևնույն
ծնողների զավակները, եղբայր են բոլոր քրիստոնյաները, սակայն այլ է այս միաբանությունը. «Այլ դուք ի վերայ այսոցիկ չորրորդ տեսակք եղբայրութեան հաստատեցէք ի միջի ձերում, որ գրովն է եւ կանօնական սահմանօք եւ բարեսէր ժողովմամբ եւ ընկերակցութեամբ եւ միաբանութեամբ եւ հաւատով եւ սիրով եւ երկաւոր ցանկաութեամբ»: Եղբայրության մեջ եղել է Ավագ և Կրտսեր հասկացողությունները, միաբանությունը ղեկավարվել է «Գլխաւորք Եղբարաց» ժողովի կողմից: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Մանկտաւագ կոչվող անձիք, ովքեր մոտ 80 հոգանոց զինված ջոկատներով գյուղերը և քարավանները պաշտպանում էին անհավատներից և ավազակներից: Հետագա դարերում ևս կան հիշատակություններ նման միաբանությունների մասին. դրանցից է՝ Կտրիճավորաց եղբայրությունը, որի կանոնադրությունը վերահաստատել է իշխան Հովսեփ արքեպիսկոպոս Արղության Երկայնաբազուկը 1790թ-ին: Ըստ հիշատակություների՝ կանոնադրությունը գրել է Եղիազար կաթողիկոսը 1690թ-ին, լեհահայոց առաջնորդ Նիկոլ Թորորոսվիչի առաջնորդության տարիներին ստեղծվել է Ստանիսլավի Կտրիճավորաց եղբայրությունը: Հատվածներ Երզնկայի Եղբայրաց Միաբանության Կանոնադրությունից. «Սահմանք եւ կանօն միաբանութեան եղբարց, որք աստուածային սիրովն միաբանեցան յեղբայութիւն ի մայրաքաղաքս, որ կոչի Երզնկայ, ի թուին ՉԻԹ /1280/: Աստ հանդիպելով եւ ծերունի վարդապետն Գրիգոր Սանահինեցի, որ եւ դրեցաւ ի գլուխ եղբայրութեանս. Եւ ես ՝ նուաստ վարդապետ Հովհաննես Երզնկացի , գրեցի զսահման եւ զխրատ եղբայրութեանս եւ զշահաւետ օգուտն որ ի սմանէ, առաջնորդութեամբ Սուրբ Հոգւոյն: Բանն Աստուած, որ բանիւ գոյացոյց զամենայն արարածս եւ զբանն իւրակն հոգի կոչեաց եւ կեանք՝ բանիւ իմաստութեամբ զարդարեաց զհոգիս մեր, զի որպէս հացիւ կերակրի մարմին, այնպէս բանիւ հաստատի հոգի…. Եւ զօրինակ թագ թագաւորի ի յոսկոյ եւ ի մարգարտոյ եւ յակնց պատուականաց յօրինի, նույնպես եւ դուք թագ պարծանաց լերուք գլխույն մերոյ Քրիստոսի եւ իւրաքանչիւր զիւր գեղեցիկ գործս փայլեցէք»:


© Արթուր Արամյան

Комментариев нет:

Отправить комментарий