29.07.2014

Թագադիր գործակալություն

«Եւ գտեալ զթագն ՝ դնէ ի գլուխն Արտաշիսի եւ թագաւորեցուցանէ ի վերայ ամենայն երկրիս Հայոց»

Արշակունյաց Հայաստանում Բագրատունի տոհմի ավագին էր պատկանում Թագադիրի  գործակալությունը: Ըստ Մովսես Խորենացու, Բագրատունի Շամբատ (Սմբատ) զորավարին Հայոց Վաղարշակ (Տրդատ Ա, 66-88 թթ.) թագավորը ինքն է շնորհել Արշակունիներին թագադիր լինելու իշխանությունը. «...նախ եւ առաջին փոխարէն բարեաց հատուցանելով առնն զօրաւորի եւ իմաստնոյ՝... Շամբատայ Բագրատ. տալով նմա իշխանութիւն ազգաւ թագադիր լինել Արշակունեաց. եւ որ ի նմանէ ծնեալ ազգ՝ լինել  

կոչմամբ յանուն նորա Բագրատունի, որ է այժմ մեծ նախարարութիւն ի մէջ աշխարհիս:»  Արքայի թագադրության արարողության ժամանակ Բագրատունի տոհմի ներկայացուցիչը դնում էր թագը արքայի գլխին, լրացնում արքայական հանդերձանքի տարրերը ու կապում զենքերը: Պատմահայր Մովսես Խորենացին  ոմն Երվանդի, որ Արշակունյաց ցեղից մի կնոջ որդի էր, կառավարման մասին գրում է.

«Եւ ի մեռանելն Սանատրկոյ՝ միաբանեալ թագաւորեցուցին զնա, առանց արանց յազգէն Բագրատունեաց լինել թագադիր», այսինքն առանց Բագրատունիների ցեղի թագադիրի : Անկասկած Խորենացին այս նախադասությունը նշում է, ցույց տալու համար, որ Երվանդը օրինավոր թագավոր չէր, քանի որ, չնայած այն բանին, որ Երվանդը թագավոր էր դարձել հայ նախարարների մեծամասնության համաձայնությամբ, այնուամենայնիվ նա չէր թագադրվել Բագրատունի նախարաի կողմից: Փաստորեն, Բագրատունի իշխանից թագադրվելը պարզապես ձևական արարողություն չէր, այլ իրավաբանական կարևոր մի ակտ, որով ցույց էր տրվում ու հաստատվում էր թագը կրողի օրինավորությունը ու իրավունքը` կրելու այդ թագը:  Երվանդին չթագադրելու հիմնական պատճառներն այն էին, որ Երվանդը Արշակունի չէր և որ կար օրինավոր ժառանգ` Արտաշեսը, որին և Սմբատ Բագրատունի իշխանը թագադրում է.

«Եւ զկոչեցեալն Բագարատ,  շնորհակալութիւն նմա վասն յառաջագոյն անձնատուր ձեռնտուութեանն առ թագաւորն եւ միամտութեանն եւ քաջութեանն, զյառաջասացեալ տանուտիրական պատիւն ազգին պարգեւելով. եւ իշխել նմա թագ ի գլուխ դնել թագաւորին, եւ կոչել թագադիր, այլ եւ ասպետ.»:
Թագադիր իշխանը նաև հետևել է Արքունի կարգ ու կանոնին, որը սահմանված է Գահնամակով, պալատական արարողությունների կազմակերպմանը, ինչպես նաև նախարարների  «բարձ ու պատվին», այսինքն թե որ նախարարը որ «բարձին» պիտի նստի:
Բագրատունի տոհմի ներկայացուցիչները Թագադրության գործակալությունը վարել են մինչև Արշակունյաց դինաստիայի անկումը` մինչև  Ե դարը: 


Թագադիրի գործակալությունը Կիլիկյան Հայաստանում


Ըստ Հ. Ղևոնդ Ալիշանի, Կիլիկիո Հայոց թագավորությունում թագադրության գործակալությունը ստեղծվել է Կոստանդին Թագավորահոր կողմից Հեթում Ա-ի թագադրման արարողությունը կատարելու համար:  Թագադիրի պարտականությունն էր թագադրության արարողության ժամանակ թագավորի գլխին թագ դնելը, ինչպես նաև թագավորի պատիվը կապելը: Նաև, որպես թագադրության ժամանակ արարողապետ, նրա պարտավորությունն էր հետևել ծեսի ու արարողության ճիշտ կատարմանը: Թագադիր գործակալը նաև պահում էր թագավորի թագը. «...եւ Թագադիրն յաջ դին Թագաւորին, ունելով զմիւս թագն ի ձեռին»: Թագադրության արարողությունից հետո` սեղան նստելիս, Թագադիրն էր միայն վերցնում թագավորական թագը. «Նա (թագավորը) վստահանայ...Թագադիրն զմիւս թագն...»:
Թագադիրը հիշվում է  նաև  թագավորի տոնական զգեստը փոխելու նկարագրության ժամանակ. «Եւ յորժամ կամի Թագաւորն փոխել զթագաւորական զգեստն` գայ Գունդստապլն, և Թագադիրն Սենեսկալն, մեծարեն զթագաւորն, և երթան առաջի նորա մինչև ի Ջամբոն, և Ջամբռլայն կենաց ի ջամբոն. եւ ուննայ զզգեստն. մտանեն եև այս չորս աստիճանաւորքս, եւ փոխեն զզգեստ թագաւորին եւ զթագն»:

Գրականություն` 
Անդրանիկ սրկ. Տոնոյան «Կիլիկիայի Հայկական պետության պետական կարգը»
Մարիամ Գրիգորյան «Բագրատունիների ծագման հարցի շուրջ»

©Հենրիկ Պարսամյան

Комментариев нет:

Отправить комментарий