14.07.2014

ՍՏՄԹԱԱՄ ԱԳԺ-ի ատենապետ. « Մարդ պիտի գիտակցի, որ Միաբանությունը առաջին հերթին եղբայրություն է»

Հարցազրույց Սուրբ Տրդատ Մեծ թագավորի անվան ասպետական միաբանության Ասպետական գերագույն ժողովի ատենապետ Ա. Արամյանի հետ:
-Բարև Ձեզ  պրն. Արամյան, շնորհակալություն, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ:
-Բարև Ձեզ:: Ուրախ եմ հարցազրույց տալու Ձեր բլոգին, որը ծանոթացնում է մարդկանց հայոց բազմադարյա միապետական ավանդույթներին:
-Պատմեք խնդրում եմ Սբ Տրդատ Մեծ թագավորի անվան ասպետականմիաբանության մասին: Ե՞րբ է հիմնադրվել Միաբանությունը:
-Միաբանությունը հիմնադրվել է 2013 թվականին: Միաբանության հիմնադրման օրը համընկել է Սբ Տրդատ Մեծի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրվա հետ, որը նշում է Հայ Առաքելական եկեղեցին:
-Ինչո՞ւ ընտրվեց հենց Տրդատ Մեծ արքան որպես Միաբանության երկնային հովանավոր և անվանադիր:
-Նախ այն պատճառով, որ Տրդատ Մեծը Մեծ Հայքի առաջին քրիստոնյա թագավորն էր: Արքա, որը լավ էր հասկանում միապետական և կենտրոնամետ իշխանությունը ամրապնդելու կարևորությունը, հզորություն և քաջություն  մարմնավորող կերպար, Աստվածային լույսը հայոց մեջ տարածողներից մեկը և վերջապես արքա, որը սրբացվել է Հայ Եկեղեցու կողմից. ահա այս բոլորը հաշվի առնելով Միաբանությունը անվանակոչվել է նրա անունով:

-Ինչ կառուցվածք ունի Միաբանությունը: Ո՞վ է Միաբանության գլուխ կանգնած:
-Միաբանությունը, ինչպես անվանումից հասկացաք, ասպետական է: Այն ընդհանուր առմամբ ասպետական եղբայրություն է: Կան տարբեր բաժիններ, որոնք իրագործում են միաբանության գործառույթները` Ասպետական Գերագույն Ժողով, Արարողակարգերի բաժին, մամլո դիվան և այլն: Միաբանությունը անցել է կոլեգյալ կառավարման համակարգի. Միաբանությունը կառավարվում է Ասպետական Գերագույն ժողովի և նրա ատենապետի կողմից Միաբանության Կանոնադրության համաձայն:
-Ինչպե՞ս է կատարվում ասպետական աստիճանի տվչությունը:
-Նախ սկսենք նրանից, որ պատմական աղբյուրների հիման վրա կազմվել է ասպետական աստիճանի տվչության կարգ, այսինքն այն մտացածին չէ, այլ ունի պատմական հիմքեր: Կարգը կատարվում է գրաբարով: Ասպետական աստիճան շնորհելու իրավունք ունեն միայն թագավորը կամ թագավորական արյան կրողը կամ  իշխանը: Սակայն ասպետը ոչ մի պարտավորություն չունի իրեն ասպետ կարգած անձի նկատմամբ:
-Այսինքն պետք է կառուցվեն հարաբերություններ նաև այլ անձանց կամ կազմակերպությունների, դաշինքների հետ: Իսկ որևէ քաղաքական կառույցի հետ համագործակցություն կա՞:
-Այո, այլ կազմակերպությունների հետ համագործակցություն կա ու ապագայում էլ կլինի, բայց դրանք երբեք չեն կարող լինել քաղաքական կառույցներ, կուսակցություններ և այլն, որովհետև Միաբանությունը ինքը մշակութային կառույց է ու ըստ Կանոնադրության արգելվում է այդպիսի համագործակցությունը:
-Ինչպե՞ս է կատարվում անդամների ընտրության հարցը: Արդյո՞ք մարդիկ կարող են անդամագրվել Միաբանությանը:
-Սա նուրբ հարց է: Միաբանությունը  արդեն 1 տարի է, ինչ պաշտոնապես գրանցված է: Սակայն կան բազում հարցեր, որոնք կարգավորման կարիք ունեն: Մենք միշտ պատրաստ ենք համագործակցել անհատների հետ, սակայն անդամագրությունը բարդ գործընթաց է, որովհետև մենք սխալվելու իրավունք չունենք: Մինչև Ասպետ դառնալը անձնավորությունը կարող է դառնալ Միաբանության թղթակից անդամ: Մարդ պիտի գիտակցի, որ Միաբանությունը առաջին հերթին եղբայրություն է, որը միավորում է տարբեր մարդկանց: Անձը, ով ցանկություն կունենա անդամագրվելու, պիտի պատրաստ լինի ընդունել Միաբանության ցանկացած անդամի որպես իր եղբայր, երբեք իրեն բարձր չդասի դիմացինից: Սրանք առաջին հայացքից հեքիաթային բաներ կթվան, սակայն վստահորեն կարող ենք ասել, որ որոշ չափով մենք հասել ենք սրան:
-Հիմա ի՞նչ ծրագրեր է իրականացնում Միաբանությունը:
-Նախ և առաջ մեր խնդիրն է մարդկանց ծանոթացնել «Միապետություն» գաղափարին, կառավարման ձևին ու մեր բազմադարյա միապետական ավանդույթներին, որոնք այսօր մոռացության են մատնված լայն շրջանակների կողմից, ու որի հիմնական մեղավորը Խորհրդային վարչակազմն է եղել: Մեր կարծիքով սա այն հիմքն է, որի վրա պիտի կառուցվեն այդ գաղափարները: Մենք, Ձեր կայքի հետ համատեղ, իրականացնում ենք քարոզչություն, որը մարդկանց ցույց կտա իրականությունը Միապետության մասին: Պարբերաբար հրապարակում  ենք հոդվածներ, նյութեր այդ մասին:
-Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար:
-Ձեզ նույնպես:


Комментариев нет:

Отправить комментарий