02.07.2014

Հայոց թագավորի նշանակը

1198 թվականի հունվարի 6-ին Տարսոնի Սբ Սոֆիա Մայր տաճարում Լևոն Բ իշխանը լատինական ու հայկական ծեսով օծվեց որպես Լևոն` «Թագավոր ամենայն Հայոց և նահանգին Կիլիկէացոց և Իսաւռիոյ»: Թագը երկարատև բանակցություններից հետո ուղարկեց Ֆրիդրիխ Բարբարոսայի որդի Հենրիկոս VI կայսրը Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադի հետ:
Այս իրադարձության մասին Ներսես Պալիենցը գրում է.  «Արքեպիսկոպոսն Մասէնցիոյ... կամօք եկեղեցոյն Հռոմայ եւ հրամանաւ վերոյ ասացեալ կայսերս եկեալ ի Կիլիկեայ ի քաղաքն Տարսոն, յեկեղեցի սրբոյն Սօֆիայ, թագեալ շքեղապէս եւ օրհնեալ օծեաց ի թագաւոր Հայոց զպարոն Լեւոն, որ էր պարոն Հայոց եւ տէր Կիլիկոյ... Որ եւ տւաւ նմա ի կայսերէն ունել նշան եւ նշանակ ըստ անուանն իւր առիւծ, զոր տանին եւս, եւ սօվորին թագաւորքն Հայոց մինչեւ ցայսօր...»: Ասվածից հասկանում ենք, որ  թագի հետ միասին Սրբազան Հռոմեական կայսրության կայսրը Հայոց նորօծյալ թագավորին ուղարկել է նաև անձնական նշան, որը պիտի օգտագործվեր հետայսու և նշանակ «ըստ անուանն իւր», այսինքն առյուծ, որովհետև Լևոն (Leon) առյուծ է նշանակում:  Այսպիսով, սրանով շարունակվեց Բագրատունի արքաների օրոք սկսված Հայոց թագավորների «առյուծանշան» շրջանը:
Գերբագիտության մեջ կա «խոսող գերբ» հասկացություն, որը կապված է տարածքի, պետության կամ նշանակը կրողի անվան կամ մականվան հետ (Օրինակ Կաստիլիայի թագավորության զինանշանի վրա պատկերված է ամրոց (Castilla-Castle-ամրոց, բերդ), կամ հայկական իրականության մեջ Արծրունիների կողմից արծվի նշանի օգտագործումը): 
Հենց այս ձևով էլ Լևնին տրվել է նշան և նշանակ, որը օգտագործել են Հայոց բոլոր
թագավորները Կիլիկիո Հայոց թագավորության շրջանում: Լևոն թագավորի` մեծ հասած կնիքների դիմերեսին պատկերված է թագավորը` նստած առյուծաձև գահի վրա, գլխին թագ, ձեռքերում` գավազան և գունդ, որոնք  թագավորական իշխանության խորհրդանիշերն են: Կնիքների դարձերեսին պատկերված է 3 ոտքի վրա կանգնած առյուծ, որը կարծես շարժման մեջ է: 
Առյուծի այս  տեսակը գերբագիտության մեջ կոչվում է lion passant:Առյուծի դեմքը, որը ուղղված է դիտողի կողմը (lion guardant)  վստահորեն չես համարի գազանի դեմք, այլ հակառակը` նշմարվում են մարդկային դիմագծեր: Առյուծի գլխին կա թագ, իսկ առջևի աջ ոտքով պահում է գավազան, որի վրա հավասարաթև խաչ է: Այս առյուծը հավանաբար ավելի սիմվոլիկ պատկերում է, քան թե հերալդիկ: Տվյալ դիրքով ընդունված է պատկերել Աստծո գառանը, որը պահում է խաչափայտ կամ խաչադրոշ: Աստծո Գառան այդպիսի պատկերներ հանդիպում են օրինակ Թորոս Ռոսլինի նկարազարդած ավետարաններում:
(մանրամասն այս մասին տես` SamveL Grigoryan. «Лев-Агнец среди типических образов монет и печатей Левона II (I)»)

Ըստ ուսումնասիրությունների, հայկական մանրանկարչության մեջ Աստծո գառան պատկերը չի հանդիպում մինչև խաչակրաց արշավանքները, ու միայն դրանից հետո, մասնավորապես Հռոմկլայում ծաղկված ավետարաններում հանդիպում են Աստծո գառան պատկերներ 3 ոտքի վրա կանգնած, իսկ չորրորդ ոտքով խաչազարդ փայտ պահող, որը և համարվում է Քրիստոսի պատկերումը այլակերպորեն, ինչպես Հովհաննեսի ավետարանում է ասվում Նրա մասին.  «Ահաւասիկ Գառն Աստուծոյ որ բառնայ զմեղս աշխարհի»: Կարծում ենք, որ սա ևս մեկ դիվանագիտական քայլ է, ցույց տալու համար մերձավոր արևելքի  ու մասնավորապես  խաչակրաց պետություններին, ինչպես նաև եվրապական տերություններին ու Պապին, որ Հայոց թագավորությունը հետայսու հավակնություններ է ներկայացնում` դառանլու արևելքի ամենահզոր ու դոմինանտ պետություններից մեկը:

Գերբերի եվրոպական համահավաք գրքերի  ամենավաղ տարբերակում` L’Armorial Wijnbergen գրքում   հանդիպում ենք  «Հայոց թագավորի նշանակին», որը իրենից ներկայացնում է ոսկեգույն (Or) վահանի վրա կարմիր (Gueules) առյուծ, որից ենթադրություն կարելի է անել նաև Հայոց թագավորի սկզբնական նշանակի գույների մասին:

Հիմնվելով գերբերի եվրոպական համահավաք  բազում գրքերում հանդիպող «Հայոց թագավորի նշանակ»-ի օգտագործված պատկերների ու գույների վրա, մենք փորձել ենք վերականգնել դրա մի տարբերակ:





Комментариев нет:

Отправить комментарий