29.06.2014

Բագրատունիների տոհմանշանը

Սույն հոդվածում մենք կփորձենք քննել Բագրատունյաց տոհմանշանի հետ կապված հարցեր, որոնք մթության քողից կազատեն Հայոց ևս մեկ նախարարական, ու ապա արքայական տան տոհմանշան:
   885 թ.-ին Բագրատունիները թագադիրներից դարձան թագակիր ու Մեծ Հայքի արքաներ:
   961 թվականին Աշոտ Գ Բագրատունի արքան Մեծ Հայքի մայրաքաղաքը Կարսից տեղափոխում է Անի:
988 թվականին ավարտվում է Անիի Սմբատաշեն պարիսպների շինարարությունը:
Անիի գլխավոր դռներից մեկի  վրա, թեև ձևափոխված,  այսօր էլ կարող ենք տեսնել առյուծի և խաչի համատեղությամբ քանդակ, որը Անի քաղաքի խորհրդանշանն է (զինանշան, նկ. 1): Տրամաբանական է ու օրինաչափ այն, որ Անին  մայրաքաղաք դարձրած Բագրատունիները քաղաքին պիտի տային իրենց տոհմանշանի նմանությամբ, որոշ ձևափոխություններով, նոր խորհրդանիշ (Կարող ենք հիշել Վան քաղաքի խորհրդանշանը, որը, Արծրունիների տոհմանշանի հետ կապելով, համարվում էր արծիվը):
Նկ.1 | Անիի դռներից մեկի քանդակը
Նկ.2 |  Առաքելոց եկեղեցու քանդակներից
   Անիի խորհրդանշանը կազմված է շրջված, քայլող, արշավող առյուծից, որը գերբագիտության մեջ կոչվում է
հովազանման առյուծ (lion léopardé): Առյուծի վերևում հավասարաթև խաչ է:
  Բագրատունիներին վերագրվող զինանշանային հորինվածքով ամենահին քանդակը հանդիպում է Կարսի Սբ Առաքելոց եկեղեցու ճակատներից մեկին (նկ.2):Առաքելոց եկեղեցին կառուցվել է 930-43 թթ  Աբաս Բագրատունու օրոք, երբ Կարսը Հայքի մայրաքաղաքն էր: Պատկերված է 3 ոտքի վրա կանգնած առյուծ, առջևի աջ թաթը վեր պահած:
Նկ. 3 |  Անիից գտնված քանդակ
  Հաշվի առնելով Անի քաղաքի խորհրդանշանը, ինչպես նաև այն փաստը, որ հայկական ճարտարապետական ավանդույթների մեջ ընդունված է եղել հիմնականում կառուցվող եկեղեցու վրա, ընդունված դիցաբանական կամ
Աստվածաշնչային խորհրդաբանություն ունեցող պատկերների հետ քանդակել նաև  հովանավոր տոհմի տոհմանշանը, կարող ենք փաստել, որ Բագրատունիների տոհմանշանը կազմված է հովազանման առյուծից (Passant): Անիից գտնվել են նաև առյուծանման այլ քանդակներ, որոնցից ուշադրության է արժանի աջ ձեռքում գունդ պահող, արշավող դիրքով առյուծի քանդակը:
Նկ.4 | Գրակալ Անիի Առաքելոց եկեղեցուց
  Մեզ է հասել նաև 1272 թ-ին Անիի Սբ Առաքելոց եկեղեցուն «Պարոն Գրիգորի» հիշատակին նվիրաբերված մի գրակալ, որի վրա համարյա նույն կերպով կրկնվում է Անիի դռան քանդակը, մի տարբերությամբ, որ այստեղ առյուծի աջ ձեռքում գունդ է (նկ. 4): Մինչև թագավորական գահին հասնելը Բագրատունյաց տոհմը վարել է Թագադիր ասպետությունը, այսինքն Բագրատունի նախարարներն են թագադրել Հայոց արքաներին. «...եւ իշխել նմա թագ ի գլուխ դնել թագաւորին, եւ կոչել թագադիր, այլ եւ ասպետ»:
  Գունդը (լատ.` cross-bearing orb)  համարվում է թագավորական , կենտրոնամետ իշխանության խորհրդանիշ, որը նաև արքայական իշխանության հիմնական տարրերից է. «Եվ տայ յաջ ձեռն խաչ ի վերայ խնձորոյ ոսկոյ...»: Սրանից կարելի է ենթադրել, որ գունդը` որպես արքայական իշխանության խորհրդանիշ տոհմանշանի մաս է սկսել կազմել Բագրատունիների` արքայական գահին հասնելուց հետո:
   Այսպիսով, վստահորեն կարող ենք ասել, որ Բագրատունիների տոհմանշանի հիմնական տարրը ոսկեգույն (Or) առյուծն է (հովազանման), որը պահում է արքայական իշխանության խորհրդանիշ գունդը:


© Արթուր Արամյան, Հենրիկ Պարսամյան 

(Սբ Տրդատ Մեծ թագավորի անվան ասպետական միաբանություն)



Комментариев нет:

Отправить комментарий