09.03.2014

Կիլիկիո Հայոց արքայական-կաթողիկոսական գահը

1810 թվականին Մեծի Տանն Կիլիկիո Կիրակոս Ա Աջապահյան կաթողիկոսը Կիլիկիո Մայրավանքը տեղափոխում է նախկին արքայական ապարանքի տեղը և Սսի Սբ Սոփիա Մայր տաճարը ամբողջությամբ վերանորոգվում ու պարսպապատվում է: Սբ Սոփիա Մայր տաճարը առաջին անգամ կառուցել է Հայոց Հեթում Ա արքան: Սակայն  1266 թվականին եգիպտական մամլուքները ներխուժում են Սիս ու հրկիզում տաճարը:
1852-ին Վիկտոր Լանգլուան նշում է, որ Մայրավանքի կառուցման համար օգտագործվել են նաև արքայական ապարանքի քարերը: Սա է փաստում նաև այն, որ տաճարի անկյուններում ու մուտքին եղել են առյուծապատկեր քանդակներ` Ռուբինյանց արքայական տան խորհրդանիշը:
Տաճարի պատերի ու խորանների վրա քանդակված են եղել «Լևոն» և «Հեթում» անունները:
Զապել Եսայանը Սիս և Կիլիկիա կատարած իր ուղևորության մասին հուշերում գրում է, որ, ըստ վանականների, տաճարի հայրապետական գահը նախկինում դրված է եղել տաճարի կենտրոնում, որի վրա նստել են հայոց արքաները Սբ Պատարագի ժամանակ:
 Լուսանկարում երևում է Հայրապետական գահի աջակողմյան առյուծը, իսկ դա, ինչպես հայտնի է, եղել է Կիլիկիո Հայոց արքաների նշանակի գլխավոր մասը, որի մասին բազմաթիվ տեղեկություններ են պահպանվել նաև գերբերի եվրոպական համահավաք գրքերում (Աջից` «Կոնստանց ժողովի տարեգրությունը» գրքից Հայոց թագավորի նշանակը):
Կիլիկիո Բաբկեն Ա կաթողիկոսը գահի իսկական լուսանկարի վրա գծագրային հավելումներ է կատարել, որից տեսնում ենք, թե գահը ունի խոռոչներ ու ինչպես «Արևելյան մամուլն» է տեղեկացնում, այդ խոռոչներում նախապես առամանդներ են եղել, որոնք հետո հանվել են:
Ասվածից պարզ է դառնում, որ գահը ավելի հատուկ է արքայական ու միապետականին, քան հոգևոր պետին:

Գրիգոր ծ. վրդ. Չիֆտճյանը մի վարկած է առաջ քաշում, ըստ որի գահի ծածկը ավելացվել է ավելի ուշ` հենց Կիրակոս Կաթողիկոսի ժամանակներում տաճարի նորոգության առթիվ:
Ծածկի մասը բարակ ոսկյա թիթեղներից է պատրաստված, որի հիմքում` չորս անկյուններում եղել են մեկական աշտանակներ և մեկական արծաթապատ կազմով Ավետարաններ:
Արքայական-Հայրապետական գահի գմբեթին եղել է նաև 1815-ին պատրաստված խաչը, որը այժմ պահվում է Անթիլիասի «Կիլիկիա» թանգարանում:

Այսօր Կիլիկիո Հայոց կաթողիկոսությունը ոչ միայն հայրապետական-նվիրապետական աթոռ է, այլ Կիլիկիո Հայոց թագավորության շունչը, հիշատակը ու գալիք փառքը վառ պահող մի հաստատություն:

Ստորև ներկայացնում եմ նաև Մայրավանքի ու գահի այլ լուսանկարներ:

Արքայական-Հայրապետական գահից հատվածներ

Սսի Կաթողիկոսարանի ու մայրավանքի տեսքը 1920-ականներին:


Շնորհակալություն Գրիգոր ծ. վարդ. Չիֆտճյանին արժեքավոր ուսումնասիրության համար:


Комментариев нет:

Отправить комментарий