05.02.2014

Էաչի Պռոշյան—Խոտակերաց Սբ Նշան

«Ս(ուր)բ Նշան Տ(էր)ունական դու Էաչո լեր օգնական... »



1300 թվականին իշխան Էաչի Պռոշյանը Խոտակերաց վանքի համար պատրաստել է տալիս մի մասնատուփ, որը վանքի անունով կոչվում է Խոտակերաց Սբ Նշան:

Մասնատուփի վերևի մասում պատկերված է Հիսուս Քրիստոսը` չորեքկերպյան աթոռի վրա, աջից` մարդ և արծիվ, իսկ ձախից` եզ և առյուծ: Աջ ձեռքով խաղաղություն է տալիս հունա-հայկական ձևով, իսկ ձախով բռնել է ծնկան վրա հենված ավետարան` «Ես եմ լոյս աշխարհի» խոսքերի փորագրությամբ:


Ներքին տեսարանը երեք պատկեր է. մեջտեղը Էաչի իշխանն է, ձախից (նայողի կողմից) «Պետրոս» և աջից «Պաւղոս»: Էաչի իշխանի պատկերը վերցված է նույնպիսի շրջանակի մեջ, ինչպիսին Ամենակալինը: Իշխանի պատկերի արձանագրությունն է. «Ս(ուր)բ Նշան Տ(էր)ունական դու Էաչո լեր օգնական թվ(ին) ՉԽԹ (=1300)»: Իշխանի գլխարկո բոլորակ եզրերով է ու մեջտեղում` գմբեանման բարձրությամբ: Էաչին գոտի չունի, հավանորեն վերնազգեստ է հագած, բազուկները շքեղ ասեղնագործված: Ոսկի կամարի (գոտու) գործածությունը վկայում է Օրբելյանը. «բազմագին ակամբ եւ մարգարտօք լցեալ»:

Պահարանի  թիկունքի արձանագրությունն է.
«Կամաւ կարողին Ա(ստուծո)յ Էաչի որդի Հասանա որդո Պռոշա որդո մեծին Վա(ս)ակա յազգէ Հաղբականց տիրեցի հայրենի երկրիս իմո Շապունեաց եւ այլ յոլով գաւառաց զաւրաւիգն եւ օգնական ունենալով զՔ(րիստո)ս եւ զԱ(մէնա)սուրբ Նշանս Խոտակերաց որով եւ նախնիքն իմ զօրացան ետու կազմել պահարան սմին անջինջ յիշատակ: Որք հանդիպիք սմա զիս եւ զծնողս իմ զԱմիր Հասան եւ զԹաճերն եւ զհաւրեղբայրն իմ զՊապաք յաղաւթս յիշեցէք այլեւ զամենայն նախնիսն մեր եւ ազգատոհմ:»

Комментариев нет:

Отправить комментарий