24.01.2014

Լևոն Ե Լուսինյան արքայի կտակը

Լևոն արքայի կտակի 2 օրինակ գրվել և վավերացվել է 1392 թ.-ին:  Կտակակատարներն էին Կիպրոսի Պետրոս Ա թագավորի նախկին դիվանապետ Ֆիլիպ դը Մեզիերը և  Լևոնի 2 սենեկապետերը` Ֆրանկիսկոս Միրը և Լյուդովիկոսը:

Պատճեն կտակի աստվածապատիվ և հզոր իշխան 
Լևոնի` թագավորին Հայոց

Հովհաննես, տանուտեր Ֆոլվիլի, ասպետ, խորհրդական մեր վեհափառ թագավորի, և վերակացու Փարիզի դատավորապետության, բոլոր նրանց, որ այս գրությունը պիտի տեսնեն, ողջույն:
Ծանուցում ենք, որ մեր վեհափառ թագավորի կողմից Շանթլեում հաստատված երդվյալ նոտար Նիկողոս Ֆեռբուի և Յովհաննես Յուրեի առջև անձամբ ներկայանալով հանձնարարեց հետևյալը.
Ազնվազարմ և վսեմապատիվ իշխան Լևոն, շնորհիվ Աստուծո,  թագավոր Հայոց, մարմնով և մտքով առողջ, և շատ լավ ու ճշմարիտ իմացականության մեջ գտնվելու ժամանակ, նկատելով, որ կարճ են մարդուս օրերը, և թե մահն ամենից ստույգ բաներից է, ինչպես և իր ժամը ամենից անստույգ բաներից է, ուստի, մինչդեռ իր խելքը գլուխն է, սրտանց փափագեց, որ իր հոգու փրկության հոգ ու դարման տանի և Տեր մեր Հիսուս Քրիստոսի` այս անցողական կյանքի շնորհած ինչքերը` Աստծո փառքի և իր հոգու փրկության համար` կտակով կարգադրի ու բաժանի:
Այս նպատակով իր կտակը, իր վերջին կամքի համաձայն հիշյալ նոտարների ներկայությամբ հորինեց ու կարգադրեց հանուն Հոր, և Որդվո և Հոգվույն Սրբո հետևյալ կերպ.
նախ որպես բարի քրիստոնյա և ճշմարիտ կաթոլիկ հանձնեց և կհանձնի իր հոգին, երբ մարմնից բաժանվի, մեր ամենաողորմած Հորը` Հիսուսին Քրիստոսին, և նրա մորը` ամենափառավորյալ կույս Մարիամին, սուրբ Միքայել հրեշտակապետին, սուրբ Պետրոսին և սուրբ Պողոսին, և արքայությանը` բոլոր օրհնյալ և փառավորյալ սուրբ դասի: Ապա հիշյալ կտակարարը կամեցավ ու պատվիրեց թաղվել Փարիզի Կելեստինյանց կրոնավորների եկեղեցու օրհնյալ հողում,  այն պարագայում, եթե Ֆրանսիայում վախճանվի, և եթե հիշյալ կրոնավորները հաճեն ընդունել իրեն` վարը հիշված պատարագներով, որոնք պիտի կատարվեն իրենց եկեղեցու մեջ: Բայց եթե նույն կրոնավորները այս պայմանով չուզեն ընդունել իրեն, այժմ պատվիրում և փափագում է թաղվել Փարիզի Կարտուսյան կրոնավորների եկեղեցում նույն պայմաններով, եթե հաճեն, իսկ եթե նրանք ևս չընդունեն, պատվիրում է թաղվել Փարիզի Ավգուստինյանց կամ Կորդելյանց եկեղեցու մեջ, իր վարը հիշված կատակատարների կամքի համաձայն, ինչ կերպով որ նրանք հարմար գտնեն: Նաև կտակարարը պատվիրում ու փափագում է, որ իր դագաղի վրա պաշտոն կատարելու օրը, երբ իրեն կառաջնորդեն դեպի  գերեզման` հագած լինի սպիտակ հաստ վերարկու, իր դեմքն ու ոտքերը բաց լինեն, և 12 սպիտակազգեստ հասարակ աղքատներ թող կրեն դագաղը, նույն արարողոթյան ժամանակ պետք է միայն 4 ջահ լինի, որոնք նույնպես պետք է կրեն 4 սպիտակազգեստ աղքատներ:
 Դարձյալ հիշյալ կտակարարը պատվիրում և փափագում է, որ իր կտակատարները , որոնց անունները պիտի հիշենք վարը, վճարեն իր բոլոր պարտքերը` նրանց իսկությունը բավարար կերպով ստուգելուց հետո, և հատուցեն իր պատճառած վնասները:
  Նույնպես և փափագում և պատվիրում է անմիջապես վճարել Ստեփաննոսի` Հայոց Սիս քաղաքի ասպետին` 100 ֆրանկ, որը պարտք էր նրան և որով խոստովանում է նրան պարտական լինելը: Եթե հիշյալ Ստեփաննոսը վախճանված լինի, նույն 100 ֆրանկ գումարը վճարել նրա զավակներին, որոնք հիմա Կիպրոսում են բնակվում և վերջապես ու որ լինեն: Եթե նրանք էլ վախճանված լինեն, հիշյալ կտակատարների կարգադրությամբ այդ 100 ֆրանկ ոսկին`  Աստծո սիրուն և իբրև ողորմություն` բաշխվի աղքատներին` հիշյալ Ստեփաննոսի հոգու համար:
........
  Նույնպես կտակարարս պատվիրում և փափագում է, որ իր շարժական և անշարժ գույքի վաճառքից ստացվածի  երրորդ մասը տրվի  և հանձնվի Գվիդոնին` իր խորթ և ապորեն որդուն: Այս երրորդ մասը նրան է թողնվում, որպեսզի նա թե ուսում առնի և թե իր պետքերը հոգա: Այս երրորդ մասը պետք է մնա իր  կտակատարների  ձեռքը ու նրանց տրամադրության տակ, որոնք պարտավոր են պահել այն, մինչև որ հիշյալ Գվիդոնը դառնա 20 տարեկան: Գվիդոնի` 20 տարեկան դառնալուն պես կտակարարը փափագում ու պատվիրում է, որ իր կտակատարները տան և հանձնեն նրան այս երրորդ բաժնից մնացած մասը: Իսկ եթե պատահի, որ հիշյալ Գվիդոնը 20 տարեկան չեղած զրկվի կյանքից, կտակարարը փափագում ու պատվիրում է, որ իր կտակատարներն այս մասից մնացած գումարը տան և հանձնեն իբրև ողորմություն աղքատներին` կտակարարիս և հիշյալ Գվիդոնի հոգու համար, նույն կտակատարների կարգադրությամբ:
  Նույնպես կտակարարս պատվիրում և փափագում է, որ չորրորդ մասը իր կտակատարների կողմից տրվի և  բաժանվի իր բոլոր ծառաներին, որոնք ծառայում են այժմ և պիտի ծառայեն իր վախճանվելու ժամանակ, որտեղ որ լինեն, իրենց արած ու անելիք վաստակի ու արժանիքի համեմատ` յուրաքանչյուրին մաս հանելով: Եվ սա իրենց վիճակի, իրենց աշխատած ժամանակի տևողության և իրենց բարվոք ծառայության համեմատ տրվի: 
.........
Նույնպես կտակարարս իր կտակատարներին խնդրում և աղաչում է, որ հաճեն աղերսել ու պաղատել իր համար ու իր անունով Անգլիայի վեհափառ թագավորին, Կաստիլիայի թագավորին և Արագոնի թագավորին` իր տերերին և եղբայրակիցներին, նրանց աղաչելով, որպեսզի Աստված իրենց հոգին գթա և ների,  և երբ իրենց մարմնից բաժանվի, գթան ու խղճան կտակարարիս հոգին և հաճեն իր վախճանման օրն իրեն պատկանող եկամուտները , ժամանակը լրացած ամսականներն ու պահանջները վերադարձնել ու փոխանցել իր կտակի համաձայն և բաժանել պատարագացուներին, ողորմությունների, բարեգործությունների և ուրիշ մարդասիրական գործերի իրենց կարգադրության համաձայն և կտակարարիս հոգու փրկության համար:
  Սրա հաստատության համար մենք` վերոհիշյալ նոտարների խոսքի հետևելով , հիշյալ դատավորապետության կնիքը դրինք այս թղթի վրա, որ 2 օրինակ գրվեց և շնորհվեց կտակարարիս հավանությամբ և կարգադրությամբ:

Ամսին շնորհաց 1392, շաբաթ, հուլիսի 20-րդ օրը:
  
(կրճատումներով)
Կարապետ Բասմաջեան . «Լեւոն Ե Լուսինեան. Վերջին թագաւոր Հայոց»




Комментариев нет:

Отправить комментарий